ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Լավատեսությունն ու հոռետեսությունը մշտակա չեն, և ես դժվարությամբ եմ տեղավորվում դրանց միջակայքում»

«Լավատեսությունն ու հոռետեսությունը մշտակա չեն, և ես դժվարությամբ եմ  տեղավորվում դրանց միջակայքում»
30.09.2016 | 09:49

Զրուցակիցս «Իրատեսի» իմ գործընկեր, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆՆ է, զրույցի առիթը՝ նրա «Ժամանակի նոր չափումներում» ժողովածուն: Անի Փաշայանի խմբագրությամբ լույս տեսած պատմվածքների գիրքը հեղինակը նվիրել է մորը՝ Սիրանուշ Գրիգորյանին:

«ՍԱ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՇԽԱՐՀՆ Է» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ, ՓԱ՛ՌՔ ԱՍՏԾՈ, ՏԵՂ-ՏԵՂ

ՃԵՂՔՎԱԾՔՆԵՐ Է ՏԱԼԻՍ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ»


-Կարինե, «Թռիչքներ` կապարե թևերով» պատմվածքում իրականության ու երազանքների խաղն է` մինչ լուսաբաց սպասվող «տոթ ու անաստղ գիշերով»: Այս պատմվածքը լուսաբացի՞, թե՞ տոթ ու անաստղ գիշերվա մասին է:
-Տոթ ու անաստղ գիշերվա և ուշացող լուսաբացի. դրանց արդյունքում էլ հաճախ ծնվում է ներշնչանքը, որը հետո դառնում է գրականություն, երաժշտություն, կինո... Իսկ եթե ստեղծագործող չես (թեկուզ և՝ ապաշնորհ)` նևրոզ, հոգեկան անհավասարակշռություն, առնվազն՝ սովորական մարդկային տառապանք:
-«Կատուն ու շունը» պատմվածքը խորհրդանշորեն նվիրել ես բոլոր չհասկացված կատուներին: Պատմվածքը եզրափակվում է «բոլորն էլ հրաշալի գիտեն, որ կատուներն այս աշխարհում ստեղծված են հատկապես շների կողմից բզկտվելու համար» տողերով: Նկատելի է բզկտվող ու չհասկացված կատվի նկատմամբ մարդկանց` հասարակության անտարբեր ու սովոր հայացքը: Նաև հիշեցնում է «Սա տղամարդկանց աշխարհն է» հայտնի արտահայտությունը: Մի քիչ ծայրահեղ մոտեցում չէ՞:
-Ըստ իս, բոլորովին ծայրահեղ չէ. գոնե ինձ նման մտածող և ապրող «կատուները» կարող են հաստատել: Սա կոնկրետ դեպքի վավերագրություն է, բայց դրանից բխող իմ հետևություններն իրականությունից շատ կտրված չեն: Իհարկե, լինում են նաև խելոք կատուներ, որոնք, թեև ինչ-որ պահի ընկրկում-խուսանավում են, այնուամենայնիվ, շներին թույլ չեն տալիս իրենց վերջնականապես բզկտելու շռայլությունը: Այսպես թե այնպես, դա պայքար է, որի հանգուցալուծումները չեն ենթարկվում կարծրատիպերի: Ես կողմնակից եմ դիվանագիտորեն հակամարտելուն, բայց դրան հաճախ խանգարում է հենց քո վկայաբերած «Սա տղամարդկանց աշխարհն է» արտահայտությունը, որը, փա՛ռք Աստծո, տեղ-տեղ ճեղքվածքներ է տալիս մեր օրերում:

«ԻՍԿ ՄՏԱԾԵ՞Լ ԵՆ, ԹԵ ՄԱՐԴԻԿ ԻՆՉՈՒ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՆԳՍՏԻ ՓԱԹԵԹՆԵՐԸ»


-«Սասունցի Դավթի հայացքի ներքո» պատմվածքում բուհի դիպլոմ ունեցող կինը սրա-նրա պատվերով խմորեղեն է թխում: Հետխորհրդային շրջանին բնորոշ այս երևույթը, կարելի՞ է ասել, որ այսօր էլ «օրինաչափ» է: Խոսքը գործազրկության մասին է, նաև այն մասին, որ շատերն «իրենց տեղում չեն»:
-Տխուր է խոստովանել, որ, այո՛, այսօր էլ դա օրինաչափ է: Իմ շրջապատում բազմաթիվ են մարդիկ, որոնք այդպես էլ չկարողացան հաղթահարել վաղանկախական շրջանի հասարակական ցնցումներն ու վերագտնել իրենց հետագա տասնամյակներում: Շատերը գերի դարձան դիպլոմավորի նկրտումներին ու մնացին գործազուրկ, շատերը հաղթահարեցին կարծրատիպերն ու գտան ինչ-որ պատահական, իրենց էության հետ որևէ առնչություն չունեցող աշխատանք, շատերն էլ, որ ամենաահավորն է, ելքը տեսան տարագրվելու մեջ: Վերջինն իմ անձնական ու անանձնական ցավն է, ու այն հետզհետե ավելի խորանում, աղաղակող է դառնում: Ես իմ օրինակով գիտեմ, թե ինչ է նշանակում մեր ապրած վերջին տասնամյակներում չկոտրվել իբրև մարդ, իբրև մասնագետ, իբրև քաղաքացի, չդավաճանել սկզբունքներիդ, էլ չասեմ՝ երազանքիդ՝ քո գործով զբաղվելու, քո կոչմանը ծառայելու և արժանապատվորեն ապրելու երազանքիդ: Բոլորին տրված չէ դժվարություններին դիմակայելու տոկունությունը, շուրջդ եռացող խժդժություններին կուլ չգնալու ուժը: Այնքա՜ն ավելի դյուրին է ձեռքը թափ տալ ու, գլուխն առած, փախչել այդ ամենից, մանավանդ որ մեր երկրում դրա համար ստեղծված են փայլուն նախադրյալներ: Երբեմն ուզում եմ հասկանալ՝ Հայաստանը հայաթափելու հատուկ ծրագի՞ր կա: Եթե՝ այո, ապա սա մեզանում այն եզակի դեպքն է, երբ ծրագրի հեղինակների աշխատանքը կարելի է գնահատել գերազանց:
-«Սասունցի Դավթի հայացքի ներքո» պատմվածքի մյուս հերոսը` ոստիկան-ամուսինը, ակնարկում է, որ իր մասնագիտությունը չընդունված է, չհարգված: 21-րդ դարի Հայաստանում բարեփոխում տեսնո՞ւմ ես այս համակարգում, նաև ոստիկան-հասարակություն փոխհարաբերությունների մեջ:
-Եթե ասեմ՝ այո, կհավատա՞ս: Մարտի 1-ից, «Էլեկտրիկ Երևանից», հուլիսյան դեպքերից հետո՝ կհավատա՞ս: Ես մութ ու խավար 1990-ականներին թեկնածուական թեզ էի գրում՝ «Ստալինյան բռնությունների, մարդու ողբերգության թեմայի արտացոլումը ժամանակակից հայ արձակում» թեմայով (շտապեմ ասել, որ այն չավարտեցի ու չպաշտպանեցի. դա էլ իմ «տուրքն» էր վաղանկախական ցնցումներին): Այդ ժամանակաշրջանի սահմռկեցուցիչ կամայականությունների, մարդկանց սարսափի, վախի մթնոլորտում մամլելու մասին պատմությունները կարդալով միայն՝ կարելի էր կորցնել հոգեկան հավասարակշռությունը, դառնալ անուղղելի հոռետես: Բայց ես ապրում էի այն ապահով հույսով, թե այդ ամենը պատմություն է ու անցյալ, թե կարելի է հանգիստ շնչել ու վստահ լինել, որ իմ ապրած ժամանակներում նման երևույթները միայն գրականության ու արվեստի նյութ են: Այնինչ, արդեն քանի՜ դեպքի եմ ականատես լինում, երբ մարդուն բանտարկում, խոշտանգում, հաշմում ու խեղում են միայն այն պատճառով, որ նա բարձրաձայնել է իր կարծիքը (եթե անգամ այդ կարծիքը և այն արտահայտելու կերպը ոմանց համար ընդունելի չեն): Այս դեպքերում հիշում եմ անմահ Գուրգեն Մահարու ահազանգը «Ծաղկած փշալարերում». «Խարո՛ւյկ: Խարո՛ւյկ, խարո՛ւյկ: Փակեցեք ձեր աչքերն ու ականջները, մարդիկ, միջնադարը վերադարձել է»: Պարզապես ցանկանում եմ հիշեցնել սապոգավոր ու պագոնավոր ժամիշխանիկներին, որ մահարիներ բոլոր ժամանակներում են ծնվում, ու իրենց նզովքով և անեծքով հիշողների պակաս չի լինելու մերօրյա մահարիների ավանդած գիրն ընթերցողների շրջանում: Գիտե՞ս` մի բան հիշեցի. երբ 1920-ական թվականներին կառուցված ՀՕԽ-ի (Հայ օգնության խորհրդի) շենքում բնակարաններ են հատկացրել նշանավոր հայ մտավորականներին՝ Դերենիկ Դեմիրճյանին, Վահան Միրաքյանին, Արման Կոթիկյանին, Սպիրիդոն Մելիքյանին, այլոց, նրանց վրա շուրջօրյա աչալուրջ հսկողություն իրականացնելու նպատակով նույն շենքում բնակեցրել են նաև պետանվտանգության ծառայողների կամ դրանց մանկլավիկներին: Պարզ է, չէ՞, թե ինչ են քաշել դրանց ձեռքին մտավորականները: Երբեմնի էդ քսուներից մեկի ժառանգները դեռ ապրում են նույն շենքում ու այնպիսի վիճակում են, որ ոչ ոք չի նախանձի: Մի օր շենքի հնաբնակներից մեկը եկավ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու զրույցի ընթացքում ասաց. «Երբ տեսնում եմ, թե ինչ օրն են ընկել դրանք, հավատում եմ, որ Աստված կա»: Չէր խանգարի, որ այսօրվա մեծամեծներն էլ հավատային:
-Նույն պատմվածքում շատ ծանոթ պատկեր ես մատնանշում. ավտոբուսների վարորդները մեկը մյուսից առաջ են անցնում, իրենց իսկ ձևակերպումով, ուղևորներին «բարձելու» համար: «Չեմ վճարելու» ակցիաները հետևում են մնացել: ՈՒղեվարձը չթանկացնելու երեսի՞ց է, որ մենք այդպես էլ չունեցանք սպիտակ վերնաշապիկով, քաղաքային հաճելի երաժշտություն լսող, չծխող ու բարեկիրթ վարորդներ, որոնք մարդկանց կփոխադրեն, ծառայություն կմատուցեն` «բարձելու» փոխարեն:
-Գիտե՞ս, այդ վարորդներից ոչ մեկը մեկ ամիս անգամ չի համաձայնի աշխատել իմ (ու ինձ նման շատերի) ստացած աշխատավարձով: Բայց ես թափթփված հագուկապով, կոպիտ վարքով, վիրավորական արտահայտություններով չեմ ընդունում թանգարանի այցելուներին կամ «Իրատեսի» իմ հյուրերին: Եվ բացի այդ՝ չեմ կարծում, թե թանկացման քաղցր պտուղները պիտի վայելեին հատկապես վարորդները: Դա նրանց տերերի մշտաբաց ախորժակը բավարարելուն պիտի ծառայեր, մի բան, որ նրանք կանխավայելում էին մեծ հույսով, բայց, բարեբախտաբար, վտանգավոր հույսերը երբեմն ի դերև ելնելու հատկություն ունեն:
-«Դաժան թվաբանությունը» արդիական է նաև այսօր: Մտավորականն անցնում է ստորացումների ու աղքատության միջով, կարճ ասած, քաղցած է, իսկ ունեցած վերջին լուման մուրացիկին է տալիս:
-Որովհետև մտավորականը (ոչ նա, ով լծակներ ունի ձեռքին, հրապարակավ մտավորական խավն է ներկայացնում, իմաստուն նամակներ, պատգամներ հղում ազգին, ամպագոռգոռ ճառեր ասում) մարդու ցավին կարեկից լինելու առաքելությունն ունի նախ և առաջ: Թե գրասեղանի, համակարգչի, նկարակալի, կինոխցիկի առաջ ինչ գործ կանի նա, միևնույն է, միտքը զբաղված է ոչ միայն իր, այլև ուրիշի հոգսով, որովհետև ինքը գիտի, թե ինչ է նշանակում զրկանքների, չհասկացվածության, արհամարհանքի պայմաններում ապրելը: Որովհետև ցանկացած ցնցում հասարակության կյանքում նախ և առաջ թիրախավորում է մտավորականին, առաջինը նա է տրորվում ճարպկորեն վերադասավորվողների ոտքերի տակ, և անգամ համեմատաբար անցնցում ժամանակները չեն շրջանցում մտավորականին: Մերօրյա ցայտուն օրինակը թշվառ աշխատավարձով գոյատևող խավին վերջին տարիներին հատկացված հանգստի սոցփաթեթից զրկելն էր՝ պառճառաբանությամբ, թե զեղծարարություններ, անօրինություններ են կատարվել այդ դաշտում: Փաստորեն, մեր երկրին, պետականությանը, պետբյուջեին սպառնացող ամենամեծ վտանգը գալիս էր այդ խեղճուկրակ սոցփաթեթների՞ց, որոնցում ներառված գումարով մարդը միայն 3-4 օր կարող էր իրեն թույլ տալ հյուրընկալվել մեր քիչ թե շատ բարեհարմար հանգստավայրերում: Իսկ մտածե՞լ են, թե մարդիկ ինչու են վաճառում հանգստի փաթեթները: Եթե այդքան անտեղյակ են, տեղեկացնեմ. որովհետև գործարքից գոյացած գումարով վճարում են իրենց բնակարանի ջեռուցման վարձը, սնունդ ու հագուստ գնում երեխայի համար, փակում բանկերից վերցրած տարատեսակ վարկերը, կենսականորեն անհրաժեշտ դեղորայք ձեռք բերում: Բոլոր թվարկածներս կոնկրետ օրինակներ են, անունները չեմ նշում՝ հասկանալի պատճառներով: Ի դեպ, նույն նպատակներով մարդիկ 5000 դրամով վաճառում են իրենց ընտրաքվեները: Մի՞թե սա ավելի սարսափելի չէ:

«ԱՅԴ Ո՞Ր ԱՆԿԵՂԾ ՆԵՐՇՆՉԱՆՔՆ Է ՇՐՋԱՆՑՈՒՄ ԻՐ ՀԵՂԻՆԱԿԻՆ»


-Անանուն աղջիկը նկատելի է գրեթե բոլոր գործերում: Նա պաշտպանության կարիք ունի, չի գտնում նրան, ում փնտրում է, նաև սիրում է ազատությունը և կյանքը: Կարծում եմ` աղջկան կարող են նույնացնել հեղինակի հետ:
-Բնականաբար: Այդ ո՞ր անկեղծ ներշնչանքն է շրջանցում իր հեղինակին: Իհարկե, խոսքը բացարձակ նույնականության մասին չէ, բայց որ ես դրանցում կամ, անհերքելի է:
-Դառը հումորով գրված գործերն ավարտվում են մորն ուղղված հուզիչ նամակով: «Ժամանակի նոր չափումներում» գործը նաև գրքի վերնագիր է դարձել: Նույնիսկ այլ չափումներում, մահից այն կողմ կյանքը շարունակվում է:
-Դա է իմ իրական իրականությունը, որը պարզ ընթերցողը կարող է խորհրդապաշտություն համարել: Իմ շփումները մորս հետ շոշափելի են, կասեի՝ գործնական: Եվ խնդրում եմ ասածներս զառանցանք չհամարել:
-Կյանքի զարկերակը շոշափելի է բոլոր գործերում: Թվում է` գրողը լավատես չլինելու իրավունք չունի:
-Լավատեսությունն ու հոռետեսությունը մշտակա չեն, և ես դժվարությամբ եմ տեղավորվում դրանց միջակայքում:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ